Jump to Content

Family Link-ում տվյալների պաշտպանության ուղեցույց երեխաների և դեռահասների համար

Ընտրիր քո տարիքը

6-8 տարեկան
9-12 տարեկան
13-17 տարեկան

6-8 տարեկան

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես են պաշտպանված քո տվյալները Google-ում

Դու ճիշտ տեղում ես Այստեղ դու կգտնես երեխաների կողմից ամենից հաճախ տրվող հարցերի պատասխանները, օրինակ, թե ինչպես կարող են ծնողներդ օգնել քեզ օգտվել Google-ից, կամ ինչ տեղեկություններ է օգտագործում Google-ը։

Ծնողնե՛ր, այս տեղեկությունները վերաբերում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվներին և նախատեսված են 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք Գաղտնիության ծանուցագրին և Գաղտնիության քաղաքականությանը։

Ո՞վ է կառավարում իմ հաշիվը

Ներկայումս քո Google հաշիվը կառավարում են ծնողներդ։ Դրա համար նրանք կարող են օգտագործել Family Link հավելվածը։ Դու կարող ես ստանձնել քո Google հաշվի կառավարումը, հենց որ չափահաս դառնաս։

Քո ծնողները կարող են՝
  • մտնել քո հաշիվ, փոխել հաշվի գաղտնաբառը կամ ջնջել հաշիվը,
  • կողպել քո հեռախոսը/պլանշետը,
  • տեսնել, թե որտեղ է քո հեռախոսը/պլանշետը,
  • ընտրել, թե ինչ հավելվածներ կարող ես օգտագործել,
  • տեսնել, թե որքան ժամանակ ես օգտագործում քո հավելվածները,
  • ընտրել, թե ինչ կարող ես տեսնել Google-ի որոշ հավելվածներում (օր․՝ Google Որոնում, YouTube և Google Play ծառայություններում),
  • կարգավորել քո գործողությունների հետագծման պարամետրերը (սրանք այն կարգավորումներ են, համաձայն որոնց քո կատարած գործողությունների մասին տեղեկությունները պահվում են Google-ում),
  • ընտրել կարգավորումներ և թույլտվություններ քո հավելվածների համար,
  • ընտրել անուն, ծննդյան ամսաթիվ և այլ տեղեկություններ քո հաշվի համար,
  • նշել, թե ինչ կարող ես ներբեռնել կամ գնել Google-ի որոշ արտադրանքներում, օր․՝ Google Play-ում։

Ինչպե՞ս և ինչո՞ւ է Google-ն օգտագործում իմ տվյալները

Մենք կարող ենք պահել քո կամ ծնողներիդ կողմից մեզ փոխանցված տեղեկությունները (օր․՝ քո անունը և ծննդյան ամսաթիվը)։ Մենք նաև տեղեկություններ ենք պահում, երբ դու օգտագործում ես մեր հավելվածներն ու կայքերը։ Մենք ջանք չենք խնայում այդ տվյալները պաշտպանելու համար և օգտագործում ենք դրանք տարբեր նպատակներով (օր․՝ Google-ի հավելվածներն ու կայքերը ավելի օգտակար դարձնելու համար)։

Ծնողներիդ օգնությամբ իմացիր ավելին, թե ինչպես մենք կարող են օգտագործել քո տվյալները՝
  • Ապահովել մեր հավելվածների և կայքերի բնականոն աշխատանքը․ օրինակ, եթե Google Որոնման միջոցով որոնես «շնիկներ», մենք կօգտագործենք քո տվյալները՝ քեզ շնիկների մասին բովանդակություն ցուցադրելու համար։
  • Կատարելագործել մեր հավելվածներն ու կայքերը․ օրինակ, եթե ինչ-որ բան չի աշխատում, մենք կարող ենք օգտագործել քո տվյալները՝ խնդիրը շտկելու համար։
  • Պաշտպանել Google-ին, մեր օգտատերերին և հանրությանը․ մենք օգտագործում ենք տվյալները՝ մարդկանց համացանցում պաշտպանելու համար։
  • Ստեղծել նոր հավելվածներ և կայքեր․ մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մարդիկ օգտագործում մեր հավելվածներն ու կայքերը, որպեսզի նոր արտադրանքներ ստեղծելու համար հետաքրքիր գաղափարներ հավաքենք։
  • Ցուցադրել քեզ այնպիսի բաներ, որոնք կարող են քեզ դուր գալ․ օրինակ, եթե YouTube Kids-ում դու սիրում ես դիտել կենդանիների մասին տեսանյութեր, մենք կարող ենք ավելի շատ այդպիսի տեսանյութեր առաջարկել։
  • Ցուցադրել քեզ գովազդ՝ հաշվի առնելով, թե ինչ կայք ես դու այցելել։
  • Քեզ հետ հաղորդակցվելու համար․ օրինակ, մենք կարող ենք օգտագործել քո էլ․ հասցեն՝ քեզ հաղորդագրություն ուղարկելու համար։ Միշտ խորհրդակցիր ծնողներիդ հետ նախքան անծանոթ որևէ մեկից ստացված հաղորդագրությունը բացելը։

Կարո՞ղ եմ արդյոք Google-ին ասել, թե ինչ տվյալներ պահի

Այո, դու կարող ես փոխել քո մասին պահվող որոշ տվյալներ։ Եթե փոփոխություններ կատարես գաղտնիության որոշ կարգավորումներում (օր.՝ փոխես Գործողությունների հետագծման կարգավորումները), մենք այդ մասին կտեղեկացնենք քո ծնողներին։ Նրանք նույնպես կարող են օգնել քեզ փոխել կարգավորումները։

Դու և քո ծնողը միշտ կարող եք տեսնել և կառավարել քո և քո Google հաշվի մասին որոշ տեղեկություններ։

Արդյո՞ք Google-ը տրամադրում է իմ անձնական տեղեկություններն ուրիշներին

Առանձին դեպքերում մենք կարող ենք քո անձնական տեղեկությունները, օրինակ՝ անունը, տրամադրել երրորդ անձանց։ Եթե նման բան է տեղի ունենում, մենք այդ տվյալների պաշտպանության համար ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։

Մենք քո անձնական տեղեկությունները կարող ենք տրամադրել՝
  • ծնողներիդ և Google-ում քո ընտանեկան խմբի անդամներին,
  • մեզ հետ համագործակցող ընկերություններին,
  • եթե ծնողներդ տվել են իրենց համաձայնությունը,
  • եթե դա պահանջվում է օրենքով։

Ուրիշ ո՞վ կարող է տեսնել, թե ինչով եմ ես կիսվում համացանցում

Այն ամենը, ինչով կիսվում ես համացանցում (օր.՝ էլեկտրոնային նամակները կամ լուսանկարները), կարող է հասանելի դառնալ բազմաթիվ մարդկանց։ Կիսվիր տվյալներով միայն այն մարդկանց հետ, որոնց վստահում ես։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցիր ծնողներիդ կամ քո ընտանեկան խմբի անդամների հետ։

Ուզո՞ւմ ես իմանալ ավելին Խնդրիր ծնողներիդ բացատրել Գաղտնիության քաղաքականության դրույթները։

9-12 տարեկան

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես են պաշտպանված քո տվյալները Google-ում

Դու ճիշտ տեղում ես Այստեղ կարող ես իմանալ, թե ինչպես է Google-ը հավաքում և օգտագործում քո կողմից մեր հավելվածների ու կայքերի օգտագործման մասին տեղեկությունները։ Դու նաև կիմանաս, թե ինչպես կարող են քո ծնողներն օգնել քեզ կառավարել քո Google հաշիվն ու սարքերը։

Ծնողնե՛ր, այս տեղեկությունները վերաբերում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվներին և նախատեսված են 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք Գաղտնիության ծանուցագրին և Գաղտնիության քաղաքականությանը։

Ո՞վ է կառավարում իմ հաշիվը

Ներկայումս քո հաշիվը կառավարում են ծնողներդ։ Դրա համար նրանք կարող են օգտագործել Family Link հավելվածը, մինչև որ դու չափահաս դառնաս և կարողանաս այն ինքնուրույն կառավարել։
Քո ծնողները կարող են՝
  • մտնել քո հաշիվ, փոխել հաշվի գաղտնաբառը կամ ջնջել հաշիվը,
  • սահմանափակումներ դնել, օրինակ՝ երբ և որքան ժամանակ դու կարող ես օգտագործել սարքերդ, օրինակ՝ հեռախոսները կամ պլանշետները,
  • տեսնել, թե որտեղ է քո հեռախոսը/պլանշետը,
  • ընտրել, թե ինչ հավելվածներ կարող ես օգտագործել,
  • տեսնել, թե որքան ժամանակ ես օգտագործում քո հավելվածները,
  • կառավարել բովանդակության կարգավորումները Google-ի որոշ հավելվածներում և կայքերում, օր․՝ Google Որոնում, YouTube կամ Google Play ծառայություններում: Կարգավորումներից է կախված, թե ինչ դու կտեսնես:
  • կառավարել քո հաշվում գործողությունների հետագծումը (օր․՝ YouTube-ի պատմությունը), այդ թվում՝ արգելափակել որոշ կարգավորումների փոփոխումը քո կողմից,
  • ստուգել քո հեռախոսի/պլանշետի հավելվածների թույլտվությունները, օրինակ՝ արդյոք հավելվածները կարող են օգտագործել խոսափողը, տեսախցիկը կամ կոնտակտները,
  • տեսնել, փոփոխել կամ ջնջել քո հաշվի տվյալները (օր․՝ անունը, սեռը կամ ծննդյան ամսաթիվը),
  • հաստատել Google-ի որոշ հավելվածներից և կայքերից (օր․՝ Google Play-ից) քո ներբեռնումներն ու գնումները։

Ինչպե՞ս և ինչո՞ւ է Google-ն օգտագործում իմ տվյալները

Ինչպես և շատ կայքեր ու հավելվածներ, մենք նույնպես հավաքում ենք տեղեկություններ, որոնք դու և ծնողներդ տրամադրում եք մեզ, օրինակ՝ քո անունը և ծննդյան ամսաթիվը։ Բացի այդ, մենք քո մասին տվյալներ ենք ստանում, երբ դու օգտվում ես մեր հավելվածներից և կայքերից։ Մենք ջանք չենք խնայում այդ տվյալները պաշտպանելու համար և օգտագործում ենք դրանք՝ մեր արտադրանքները քեզ համար ավելի օգտակար դարձնելու համար։ Օրինակ, մենք տվյալներ ենք հավաքում, որպեսզի կարողանանք՝
  • Ապահովել մեր հավելվածների և կայքերի բնականոն աշխատանքը․ օրինակ, եթե Google Որոնման միջոցով որոնես «սպորտ», մենք կօգտագործենք քո տվյալները՝ քեզ սպորտային բովանդակություն ցուցադրելու համար։
  • Կատարելագործել մեր հավելվածներն ու կայքերը․ օրինակ, եթե ինչ-որ բան չի աշխատում, մենք կարող ենք օգտագործել քո տվյալները՝ խնդիրը շտկելու համար։
  • Պաշտպանել Google-ին, մեր օգտատերերին և հանրությանը․ մենք օգտագործում ենք տվյալները՝ մարդկանց համացանցում պաշտպանելու համար, օրինակ՝ խարդախության հայտնաբերման և կանխարգելման նպատակով։
  • Ստեղծել նոր հավելվածներ և կայքեր․ մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մարդիկ օգտագործում մեր հավելվածներն ու կայքերը, որպեսզի նոր արտադրանքներ ստեղծելու համար հետաքրքիր գաղափարներ հավաքենք։
  • Անհատականացնել տեղեկությունները քեզ համար, ինչը նշանակում է՝ ցուցադրել այն, ինչը մենք կարծում ենք, որ քեզ դուր կգա։ Օրինակ, եթե YouTube Kids-ում դու սիրում ես դիտել կենդանիների մասին տեսանյութեր, մենք կարող ենք ավելի շատ այդպիսի տեսանյութեր առաջարկել։
  • Ցուցադրել քեզ գովազդ՝ հաշվի առնելով, թե ինչ կայք ես դու այցելել։
  • Քեզ հետ հաղորդակցվելու համար․ օրինակ, մենք կարող ենք օգտագործել քո էլ․ հասցեն՝ քեզ հաղորդագրություն ուղարկելու համար (օր․՝ եթե անվտանգության հետ կապված խնդիրներ հայտնաբերենք)։ Միշտ խորհրդակցիր ծնողներիդ հետ նախքան անծանոթ որևէ մեկից ստացված հաղորդագրությունը բացելը։

Կարո՞ղ եմ արդյոք Google-ին ասել, թե ինչ տվյալներ պահի

Այո, դու կարող ես փոխել քո մասին պահվող որոշ տվյալներ։ Օրինակ, եթե չես ուզում, որ մենք պահենք քո YouTube-ի պատմությունը Google հաշվում, կարող ես անջատել այն։ Եթե փոփոխություններ կատարես գաղտնիության որոշ կարգավորումներում (օր.՝ փոխես Գործողությունների հետագծման կարգավորումները), մենք այդ մասին կտեղեկացնենք քո ծնողներին։ Նրանք նույնպես կարող են օգնել քեզ փոխել կարգավորումները։

Դու և քո ծնողը միշտ կարող եք տեսնել և կառավարել քո և քո Google հաշվի մասին որոշ տեղեկություններ։

Արդյո՞ք Google-ը տրամադրում է իմ անձնական տեղեկություններն ուրիշներին

Առանձին դեպքերում մենք կարող ենք քո անձնական տվյալները (օր.՝ քո անունը և էլ. հասցեն) տրամադրել երրորդ անձանց։ Եթե նման բան է տեղի ունենում, մենք այդ տվյալների պաշտպանության համար ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։

Մենք քո անձնական տվյալները կարող ենք տրամադրել՝
  • քո ծնողներին և Google-ում քո ընտանեկան խմբի անդամներին,
  • մեզ հետ համագործակցող ընկերություններին,
  • եթե քո ծնողը տվել է իր համաձայնությունը,
  • եթե դա պահանջվում է օրենքով։

Ուրիշ ո՞վ կարող է տեսնել, թե ինչով եմ ես կիսվում համացանցում

Այն ամենը, ինչով կիսվում ես համացանցում (օր.՝ էլեկտրոնային նամակները կամ լուսանկարները), կարող է հասանելի դառնալ բազմաթիվ մարդկանց։ Հենց որ տվյալները հայտնվում են համացանցում, դրանք այնտեղից հեռացնելը կարող է բավականին բարդ լինել։ Կիսվիր տվյալներով միայն այն մարդկանց հետ, որոնց վստահում ես։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցիր ծնողներիդ կամ քո ընտանեկան խմբի անդամների հետ։

Ուզո՞ւմ ես իմանալ ավելին Խնդրիր ծնողներիդ բացատրել Գաղտնիության քաղաքականության դրույթները։

13-17 տարեկան

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես են պաշտպանված քո տվյալները Google-ում

Այստեղ կարող ես իմանալ, թե ինչպես է Google-ը հավաքում և օգտագործում քո կողմից մեր հավելվածների ու կայքերի օգտագործման մասին տեղեկությունները։ Դու նաև կիմանաս, թե ինչպես կարող են քո ծնողներն օգնել քեզ կառավարել քո Google հաշիվն ու սարքերը։

Այս տեղեկությունները վերաբերում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվներին և նախատեսված են երեխաների ու դեռահասների համար, որոնց տարիքը դեռևս բավարար չէ հաշիվն ինքնուրույն կառավարելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացիր Գաղտնիության ծանուցագրին և Գաղտնիության քաղաքականությանը։

Կարո՞ղ են ծնողներս օգնել կառավարել իմ հաշիվը

Ծնողներդ կարող են օգտագործել Family Link հավելվածը՝ քեզ հետ միասին քո Google հաշվի որոշ գործառույթներ կառավարելու համար։ Կախված նրանից, թե ինչ սարք ես օգտագործում, նրանք կարող են՝

  • մտնել քո հաշիվ, փոխել հաշվի գաղտնաբառը կամ ջնջել հաշիվը,
  • սահմանափակումներ դնել, օրինակ՝ որքան ժամանակ և որ ժամերին կարող ես օգտագործել քո սարքերը,
  • տեսնել քո միացված սարքերի տեղադրությունը, որոնցում մտել ես հաշիվ և օգտագործում ես,
  • կառավարել քո հավելվածները և տեսնել, թե որքան ես դու օգտագործում դրանք,
  • կառավարել բովանդակության կարգավորումները Google-ի որոշ հավելվածներում և կայքերում, օր․՝ Google Որոնում, YouTube կամ Google Play ծառայություններում: Կարգավորումներից է կախված, թե ինչ դու կտեսնես:
  • կառավարել քո հաշվում գործողությունների հետագծումը (օր․՝ YouTube-ի պատմությունը), այդ թվում՝ արգելափակել որոշ կարգավորումների փոփոխումը քո կողմից,
  • ստուգել քո սարքի հավելվածների թույլտվությունները, օրինակ՝ արդյոք հավելվածները կարող են օգտագործել խոսափողը, տեսախցիկը կամ կոնտակտները,
  • տեսնել, փոփոխել կամ ջնջել քո հաշվի տվյալները (օր․՝ անունը, սեռը կամ ծննդյան ամսաթիվը),
  • հաստատել Google-ի որոշ հավելվածներից և կայքերից (օր․՝ Google Play-ից) քո ներբեռնումներն ու գնումները։

Ինչպե՞ս և ինչո՞ւ է Google-ը հավաքում և օգտագործում իմ տվյալները

Ինչպես և շատ կայքեր ու հավելվածներ, մենք նույնպես հավաքում ենք տեղեկություններ, որոնք դու և ծնողներդ տրամադրում եք մեզ, օրինակ՝ քո անունը և ծննդյան ամսաթիվը։ Բացի այդ, մենք քո մասին տվյալներ ենք ստանում, երբ դու օգտվում ես մեր հավելվածներից և կայքերից։ Մենք ջանք չենք խնայում այդ տվյալները պաշտպանելու համար և օգտագործում ենք դրանք՝ մեր արտադրանքները քեզ համար ավելի օգտակար դարձնելու համար։ Օրինակ, մենք տվյալներ ենք հավաքում, որպեսզի կարողանանք՝

  • Պաշտպանել Google-ին, մեր օգտատերերին և հանրությանը․ մենք օգտագործում ենք տվյալները՝ մարդկանց համացանցում պաշտպանելու համար, օրինակ՝ խարդախության հայտնաբերման և կանխարգելման նպատակով։
  • Տրամադրել մեր ծառայությունները․ մենք օգտագործում ենք տվյալները՝ մեր ծառայությունները մատուցելու համար, օրինակ՝ քո որոնման հարցումները մշակելու և համապատասխան արդյունքներ վերադարձնելու նպատակով։
  • Ապահովել մեր ծառայությունների աշխատանքը և կատարելագործել դրանք․ օրինակ, մենք կարող ենք հետագծել մեր ծառայությունների աշխատանքը և որևէ շեղում նկատելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, կամ կարող ենք կատարելագործել մեր ծառայություններում ուղղագրության ստուգումը, քանի որ սովորում ենք, թե որ հիմնաբառերն են ամենից հաճախ տառասխալներով գրվում։
  • Մշակել նոր ծառայություններ. տվյալներն օգնում են մեզ մշակել նոր ծառայություններ։ Օրինակ, տվյալներն այն մասին, թե ինչպես էին օգտատերերը տեսակավորում լուսանկարները Picasa-ում (Google-ի՝ լուսանկարների առաջին հավելվածը), օգնել է մեզ մշակել Google Լուսանկարները։
  • Անհատականացնել բովանդակությունը, ինչը նշանակում է՝ ցուցադրել այն, ինչը կարծում ենք քեզ դուր կգա։ Օրինակ, եթե YouTube-ում դու սիրում ես դիտել սպորտային տեսանյութեր, մենք կարող ենք ավելի շատ այդպիսի տեսանյութեր առաջարկել։
  • Ցուցադրել քեզ գովազդ այնպիսի տեղեկությունների հիման վրա, ինչպիսիք են քո այցելած կայքը, մուտքագրած որոնման հարցումները, քաղաքն ու երկիրը։
  • Չափել արդյունավետությունը․ մենք օգտագործում ենք տվյալները՝ արդյունավետությունը չափելու, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես են օգտագործվում մեր ծառայությունները։
  • Քեզ հետ հաղորդակցվելու համար․ օրինակ, մենք կարող ենք օգտագործել քո էլ․ հասցեն՝ կասկածելի գործողություններ նկատելու դեպքում քեզ ծանուցում ուղարկելու համար։

Ինչպե՞ս կարող եմ որոշել, թե ինչ պետք է պահի Google-ը

Կարգավորումների օգնությամբ դու կարող ես սահմանափակել մեր կողմից տվյալների հավաքումը և դրանց օգտագործումը։ Օրինակ, եթե չես ուզում, որ մենք պահենք քո YouTube-ի պատմությունը Google հաշվում, կարող ես անջատել այն։ Եթե փոփոխություններ կատարես Գործողությունների հետագծման կարգավորումներում, մենք այդ մասին կտեղեկացնենք քո ծնողներին։ Իմացիր ավելին գաղտնիության կարգավորումների մասին

Դու միշտ կարող ես տեսնել և կառավարել քո և քո Google հաշվի մասին որոշ տեղեկություններ։

Արդյո՞ք Google-ը տրամադրում է իմ անձնական տեղեկություններն ուրիշներին

Մենք քո անձնական տեղեկությունները միայն բացառիկ դեպքերում ենք տրամադրում Google-ից դուրս ընկերությունների, կազմակերպությունների և անհատների, օրինակ, երբ դա պահանջվում է օրենքի ուժով։ Եթե նման բան է տեղի ունենում, մենք այդ տվյալների պաշտպանության համար ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։

Մենք քո անձնական տեղեկությունները կարող ենք տրամադրել՝

  • Քո ծնողներին և Google-ում քո ընտանեկան խմբի անդամներին։
  • Երբ ունենք քո կամ քո ծնողների թույլտվությունը, կամ իրավական պատճառներով։ Մենք տրամադրում ենք օգտատերերի անձնական տեղեկությունները Google-ից դուրս, եթե կարծում ենք, որ դրանց տրամադրումն անհրաժեշտ է՝
    • գործող օրենքին, կանոնակարգին հետևելու, կամ դատարանի որոշումը, պետական մարմինների՝ հարկադիր կատարման ենթակա պահանջները բավարարելու համար,
    • օգտագործման պայմանները հարկադրաբար կատարելու կամ դրանց հնարավոր խախտումները հետաքննելու համար,
    • խարդախությունը, անվտանգության սպառնալիքները և տեխնիկական խափանումները հայտնաբերելու, կանխելու կամ դրանց դեմ այլ կերպ պայքարելու համար,
    • Google ընկերության, մեր օգտատերերի կամ հանրության իրավունքները, սեփականությունը և անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպես որ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։
  • Արտաքին մշակման համար։ Մենք տրամադրում ենք օգտատերերի անձնական տեղեկություններն այն ընկերություններին, որոնց հետ համագործակցում ենք, և որոնք մշակում են այդ տեղեկությունները համաձայն մեր տված ցուցումների։ Օրինակ, մենք օգտվում ենք արտաքին ընկերությունների ծառայություններից հաճախորդների աջակցման ոլորտում, և պետք է անձնական բնույթի տեղեկություններ տրամադրենք դրանց, որպեսզի վերջիններս կարողանան պատասխանել օգտատերերի հարցերին։

Ուրիշ ո՞վ կարող է տեսնել բովանդակությունը (օր.՝ լուսանկարները, նամակները և փաստաթղթերը), որով ես կիսվում եմ

Դու կարող ես կիսվել որոշակի տեղեկություններով այլ օգտատերերի հետ Google-ի հավելվածներում և կայքերում, որոնք օգտագործում ես։

Միշտ հիշիր, որ երբ որևէ բանով կիսվում ես այլ օգտատերերի հետ, նրանք կարող են իրենց հերթին կիսվել այդ տվյալներով Google-ից դուրս՝ կողմնակի հավելվածներում և կայքերում։

Դու ցանկացած ժամանակ կարող ես հեռացնել քո սեփական բովանդակությունը քո հաշվից, սակայն դրանով չեն ջնջվի այն բովանդակության պատճենները, որով դու արդեն կիսվել ես։

Լավ մտածիր՝ նախքան որևէ բանով կիսվելը, և կիսվիր միայն այն մարդկանց հետ, որոնց վստահում ես։

Այս թեմաների մասին ավելին իմանալու համար ծանոթացիր Գաղտնիության քաղաքականությանը։